Նախօրեին տղաս զանգեց տանից և վախեցած ձայնով ասաց. «Մենք՝ ես և կատուն, բոլորովին պատահմամբ ջարդել ենք քո լուսանկարչական ապարատի օբյեկտիվը, իրոք՝ բոլորովին պատահմամբ»:
Օբյեկտիվը դրված էր պատուհանագոգին, և ինչպես ես մտածում էի, ոչ ոքի չէր խանգարում: Սակայն, երբ տանը երեխան է և կատուն, անվտանգ վայր գտնելն անհնար է, ինչն էլ ապացուցվեց:
Մտածում էի՝ կվերադառնամ տուն, երկուսի ականջներն էլ կքաշեմ: Հիմա այդ լուսանկարչական սարքերը 80 հազար ռուբլուց ավելի արժեն: Ընդհանուր առմամբ, նրանց խաղն ինձ թանկ արժեցավ:
Մտքումս հողին հանձնելով իմ օբյեկտիվը և կարդալով հանդիսավոր խոսքս այդ առիթով՝ երեկոյան մտնում եմ տուն լիովին պատրաստ՝ մեղավորներին արդարացիորեն պատժելու:
Լսեցի տղայիս «երգը», թե՝ «Կատուն այնտեղ էր վազում, իսկ ես ետևից… հետո թռչում էր այնտեղ, ես էլ շտապում էի բռնել նրան, … և օբյեկտիվը գետնին հայտնվեց: Ահա ողջ պատմությունը»:
Ես ասացի, որ այժմ ստիպված ենք լինելու նրա բոլոր խաղալիքները վաճառել՝ պլանշետը, նոութբուքը և մնացածը, որ ինձ համար նոր օբյեկտիվ գնենք:
Տղաս գլխով արեց ու գնաց իր սենյակը: Մի որոշ ժամանակ անց նա եկավ՝ իր հետ քարշ տալով նոութբուքն ու պլանշետը: «Ինչո՞ւ»՝ հարցնում եմ: Տխուր ձայնով պատասխանում է. «Դե, հայրի՛կ, մենք ախր որոշել ենք քեզ նոր օբյեկտիվ գնել»:
Նայեցի տղայիս տխուր դեմքին… Երեք ամիս առաջ նրա ծունկը վնասվել էր և նա ստիպված միշտ տանն էր լինում՝ չորս պատերի մեջ: Մենք ցերեկն աշխատանքի էինք լինում, իսկ նա մնում էր տանը միայնակ՝ կատվի հետ, միայն ժամանակ առ ժամանակ նրա ուսուցիչներն էին այցելում, որպեսզի դպրոցական ծրագրից հետ չընկնի:
Իսկ նա ընդամենը ինը տարեկան էր… այս տարիքում տղաները դրսից տուն չեն գալիս, իսկ նա տանն է նստած: Հենց մտածեցի այս մասին, սիրտս ցավեց: Ու հիմա նա կանգնած է դիմացս՝ գլուխը խոնարհած, աչքերն արցունքոտ…
«Դե լավ, թող կորչեն բոլոր այդ սարքերը՝ կոտրված ու ոչ կոտրված,- մտածեցի ես,- եթե որդիս ոչ տղամարդկային քայլեր անի, օրինակ՝ ստի, այդժամ ինչ հարկն է՝ կասեմ նրան: Իսկ հիմա այս ապակու կտորների համար երբեք ոչինչ չեմ ասի նրան, առավել ևս՝ չեմ վիճի նրա հետ»:
Փոխարենը որոշեցի ասել նրան, որ իր ողջ սենյակը լեգոներով կպատենք: Ոգևորվեց:
Իսկ հետո հիշեցի, թե ինչպես 16 տարեկանում հորս մեքենան էի ջարդել: 1989թ-ի ամառն էր: Նա թույլ էր տվել, որ գյուղում վարեմ, իսկ ես ուղեգծի վրա էի դուրս եկել ու հայտնվել լճի մեջ: Մեքենայի դիմացի մասը գրեթե չկար: Եկա տուն, ճանաչելով հորս՝ գիտեի, որ հեշտ չի անցնի: Նա նայեց ինձ, լուռ հագնվեց և գնաց մեքենայի մոտ: Իսկ ինձ մի խոսք անգամ չասաց, միայն հարցրեց՝ «Անվնա՞ս ես»:
Ոչ մի կոտրված առարկա չարժե սիրող մարդկանց միջև վեճի: Եվ ինչ էլ որ ինձ ասեն հոգեբաններն ու երեխաների հարցերով մասնագետները, ես ճիշտ եմ վարվել, ինչպես և իմ հայրը: Ես մեծ հույս ունեմ, որ նման եմ նրան, և ոչ միայն այս քայլով: Իսկ իմ որդին էլ նման կլինի ինձ այն բոլոր լավ գծերով, որ կա իմ ներսում:
Սերգեյ Կոբախ